27.09.07
Սեպտեմբերի 14—26—ը «Սինոփսիսի շաբաթվա» շրջանակներում Երեւանում անցկացվեց հայաստանյան միկրոէլեկտրոնիկայի երկրորդ ամենամյա օլիմպիադան, որի արդյունքները հայտնի դարձան երեկ՝ մրցանակների շնորհման ժամանակ։ Նշենք, որ մրցույթին մասնակցում էին կիսահաղորդչային տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդ հայ ճարտարագետներ, որոնք իրենց ունակությունները դրսեւորեցին թվային ինտեգրալ սխեմաների նախագծման, թեստավորման, անալոգային խառն ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծման, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական եւ ալգորիթմական ապահովման բնագավառներում։
Ինչպես փաստեցին օլիմպիադայի կազմակերպիչները, իրենք գոհ են ընդհանուր արդյունքներից եւ կարծում են, որ սա նախորդ տարվա գերազանց մրցույթի շարունակությունն է, որի արդյունքում յուրաքանչյուր տարի բացահայտվում են նորանոր շնորհալի ճարտարագետներ։
Նշենք, որ օլիմպիադան անցկացվել է երկու փուլով, եւ առաջին փուլը հաղթահարել են միայն այն ուսանողները, ովքեր կարողացել են ճշգրիտ լուծումներ տալ բարդ առաջադրանքների։ Առաջին փուլում ընդգրկված 132 մասնակիցներից հաջորդ փուլ են անցել 42—ը։ Կազմակերպիչների գնահատմամբ, մեր երկրում միկրոէլեկտրոնիայի ոլորտը զարգացման հեռանկարներ ունի, եւ ամենամյա այս օլիմպիադայի նպատակն է խթանել հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ եւ մրցակցություն ստեղծել կրթական ոլորտում։
Այս տարի ավելացել է եւս մեկ՝ «Ամենաէլեգանտ լուծում» անվանակարգը, որը գտել է իր մրցանակակրին։ Առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի մրցանակներ՝ դրամական պարգեւի տեսքով, հանձնվեցին վեց մրցանակակիրների, որոնք «Սինոփսիս» ընկերության կողմից ստացան նաեւ թվային նվագարկիչներ, իսկ մյուս 7 անվանակարգերում հաղթող ճանաչված մասնակիցներին շնորհվեցին օլիմպիադան խորհրդանշող արձանիկներ։ Իսկ առաջին կարգի մրցանակակրին «Յունիքոմփ» ընկերության (տնօրեն՝ Արմեն Բալդրյան) եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ղեկավար՝ Բ. Ենգիբարյան) կողմից շնորհվեց դյուրակիր համակարգիչ՝ Notebook։ «Շատ տպավորված եմ օլիմպիադայի արդյունքներով. ոգեւորիչ էր հայ երիտասարդների՝ նման գիտելիքներով օժտվածությունը։ Ինձ շատ ուրախացրեց այն փաստը, որ մրցանակակիրների շարքում կային նույնիսկ աշակերտներ, որոնք այդ ոլորտում պրոֆեսիոնալ են։ Նրանք ոչ միայն տեխնիկապես են ունակ եւ լավ պատրաստված, այլեւ շատ հետաքրքրասեր ու ակտիվ դիրքորոշումներ ունեն»,–նշեց «Սինոփսիս–Արմենիա» ՓԲԸ կորպորացիայի նախագահ Չի Ֆուն Չանը։ «Սինոփսիս–Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը մրցանակաբաշխության ավարտին տեղեկացրեց, որ երեկ իրենց հայտնի դարձավ, որ ՀՊՃՀ–ի գիտխորհրդի որոշմամբ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը արժանացել է դոկտորի կոչման։ Իսկ երկու օր առաջ ռուս–հայկական (սլավոնական) համալսարանի գիտխորհրդի որոշմամբ նույն կոչմանն է արժանացել Չի Ֆուն Չանը։
Հովիկ Մուսայելյանի տեղեկացմամբ, մյուս հաճելի անակնկալը ՀՀ նախագահի հրամանագիրն էր անկախության 16—րդ տարեդարձի կապակցությամբ, ըստ որի՝ «Սինոփսիս–Արմենիա» ընկերության դեպարտամենտի տնօրեն եւ ՀՊՃՀ–ի դեպարտամենալ ամբիոնի վարիչ Վազգեն Մելիքյանը արժանացել է գիտության վաստակավոր գործչի կոչման։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Աղբյուր` Հայաստանի Հանրապետություն օրաթերթ
|