12.09.07
Սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին ՏՏ միամսյակի կապակցությամբ Երեւանում անցկացվող միջոցառումների շրջանակում երեկ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ «Նեշնըլ ինստրումենթս» ընկերության միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, ըստ որի՝ երկու կողմերը պատրաստակամություն ստանձնեցին այդ ոլորտում համատեղ աշխատելու, գիտահետազոտական եւ կրթական ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Վերոնշյալ ամերիկյան ընկերությունը Հայաստանի գիտահետազոտական կենտրոններում նախաձեռնել է տեխնոլոգիական զարգացման եւ ինժեներական ուղղվածության աշխատանքներ իրականացնել՝ խթանելով ուսումնական փորձը եւ գիտելիքների հետագա զարգացումը։ Մի քանի տարի առաջ «Նեշնլ ինստրումենթս» ընկերության օժանդակությամբ հայաստանյան կրթօջախներում բազմաթիվ տեխնիկական սեմինարներ են անցկացվել, իսկ ՀՊՃՀ–ում հիմնադրվել է վիրտուալ գործիքավորման լաբորատորիա։ Այս ընկերությունը պատրաստվում է տարածաշրջանում ընդլայնել իր գործունեությունը՝ ԱՊՀ տարածքում իր հաճախորդներին առավել բարձր որակով սպասարկում ապահովելու նպատակով։ Հայաստանում եւս կհիմնվի ընկերության գրասենյակը՝ սպասարկման բոլոր ծառայությունները մատուցելով ինչպես ԱՊՀ շուկայի հարավային, այնպես էլ կենտրոնական մասերում։ Թե ինչու է ընտրվել հենց Հայաստանը, «Նեշնըլ ինստրումենթս» ընկերության Ասիայի վաճառքների գծով փոխնախագահ Վիկտոր Մայերսի դիտարկմամբ, պատճառը մեր երկրում տեխնոլոգիաների եւ գիտության բնագավառում առկա ամուր ավանդույթներն են եւ բուհերում գործող բազմաթիվ ճարտարագիտական ու գիտական ծրագրերի առկայությունը։
Ընկերության երեւանյան գրասենյակը հաճախորդներին կտրամադրի սպասարկման բոլոր ծառայությունները՝ տեխնիկական խորհրդատվությունից եւ սպասարկումից մինչեւ ճարտարագիտական նախադեպերի ստեղծումը եւ կիրառական ծրագրերի հայեցակարգերի մշակումը։
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը, խոսելով ընկերության գործունեության նպատակներից, մատնանշեց, որ հիմնական նպատակակետն ուղղված է լինելու պրոֆեսիոնալ, տեխնիկական եւ ինժեներական օժանդակությանը, որին եւ հետեւելու է գիտահետազոտական փուլը։ «Այս փուլը կլինի հետազոտությունների զարգացման շրջան եւ կամրապնդի կապը ընկերության եւ կրթական ու գիտակրթական կենտրոնների միջեւ։ Այս գործընթացը արվում է կիրառական կողմի ուժեղացման համար, քանի որ հեռանկարային զարգացման համար միակ անջրպետը տեսական գիտելիքների եւ գոյություն ունեցող ինժեներական հետամնաց լաբորատորիաների փորձարարական եւ տեստավորման լաբորատորիաների առկայությունն է։ Այս ուղղությամբ ընկերությունը իրականացնում է մեծ ներդրումներ։ Հուսով եմ, որ համագործակցության երկխոսության միջոցով կներգրավվեն ավելի խոշոր ներդրումներ, եւ ընկերությունը կկարողանա տեսնել զարգացման բոլոր հնարավորությունները բոլոր բիզնես ուղղություններով։ Մեծ պատիվ է մեզ համար նման խոշորագույն ընկերության հետ համագործակցելը։ Կարծում եմ, որ մենք ճանապարհ ունենք անցնելու։ Պետք է բոլորս էլ մասնակցենք եւ օժանդակենք այս ծրագրին, որպեսզի լավագույն արդյունքներ լինեն»,–նշեց առեւտրի եւ զարգացման նախարար Ներսես Երիցյանը։ Կազմակերպության ներկայացուցիչ Վիկտոր Մայերսի գնահատմամբ, Հայաստանը տեխնոլոգիական զարգացման մեծ հեռանկարներ ունի, սակայն իրենց նպատակը ոչ թե այդ ոլորտի կապերի մասնագիտացումն է, այլ բուհական համակարգի տեխնոլոգիական զարգացումն ու ունակության ձեւավորումը, որոնք էլ պետք է արդյունավետորեն կիրառվեն լաբորատորիաներում։ Կազմակերպության ներկայացուցչի կարծիքով՝ իրենք հետազոտական աշխատանքներ իրականացնելու բոլոր հմտություններն ունեն, իսկ թե որքանով մատչելի կլինեն ընկերության մատուցած ծառայության սակագները՝ Վիկտոր Մայերսը նշեց. «Տարբերություն չկա, թե որ շուկայում կսպառվի մեր արտադրանքը։ Կարեւոր է, թե տվյալ շուկայում ինչպիսի գիտելիքների օգտագործման ներուժ է առկա։ Այդ ծառայությունները միանշանակ ավելի մատչելի կլինեն, քան ԱՄՆ–ում»:
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
|