20.09.07
Այս տարվա հուլիսի 4-7-ը ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում անցկացվեց “Արմթեք-2007” բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջին համաժողովը, որը հնարավորություն տվեց համաշխարհային տեխնոլոգիական հանրությանը ներկայացնել մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ներկա վիճակը և այս ոլորտում առկա ներուժը: Համաժողովի անցկացումը նախատեսված էր այն մասնագետների, գործարարների և պետական կառույցների համար, որոնք հետաքրքրված են գլոբալ հայկական հանրության միավորմամբ և Հայաստանի` շեշտակիորեն աճող տեխնոլոգիական ոլորտով: Առաջին համահայկական տեխնոլոգիական այս կոնգրեսին մասնակցում էին Հայաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից ժամանած ոչ միայն հայ, այլև օտարերկրյա առաջատար ընկերությունների մասնագետներ: Համաժողովը եզակի հնարավորություն է ընձեռում փոխկապակցելու այս ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և շահագրգիռ անձանց գտնելու համագործակցության եզրեր և ներդրումային հնարավորություններ:
Երեկ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփեց տեխնոլոգիաների հայկական կոնգրեսի` “Արմթեք-2007”-ի արդյունքները` դրանք գոհացուցիչ համարելով:
“Գիտաժողովը բավական ներկայացուցչական էր: Նման ծավալի միջոցառում կազմակերպելը մեծ հոգսերի և դժվարությունների հետ է կապված: Սակայն պետք է ասեմ, որ արդյունքները բավական լավ էին, բազմաթիվ զեկույցներ հնչեցին տարբեր բնագավառներից, իսկ ներկայացուցչությունը Հայաստանից լավ էր ընտվրած: Մասնագետների թիվը հասնում էր 60-ի: Պետք է հաշվի առնել այն փաստը, որ այդպիսի համաժողով տեղի է ունենում առաջին անգամ և կային խնդիրներ, որոնք անխուսափելի էին: Ցանկալի կլիներ, որ մասնակից լինեին բոլորովին նոր ընկերություններ: Եվ կարևոր եմ համարում այն, որ նման գիտաժողովի անցկացման մասին տեղեկատվական միջոցներով աշխարհին հայտնի դարձանք”, - նշեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Գիտաժողովին հնչել են զեկույցներ և ներկայացվել տեխնիկական ու բիզնես հոդվածներ արդյունաբերությունից և ակադեմիայից: Համաժողովի արդյունքում ակնկալվում էր, որ բիզնեսի, աշխատանքի և ներդրումների համար բարենպաստ հնարավորություններ կստեղծվեն և օժանդակություն կցուցաբերվի այս ոլորտում ներգրավված հայ պրոֆեսիոնալներին: Համաժողովի կազմակերպմանն աջակցություն ցուցաբերած “Արմթեք-2007” տնօրենների խորհրդի համանախագահ, “Սինոփսիս Արմենիա” ընկերության գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը, այս համաժողովից մեծ ակնկալիքներ ունի և հայտնում է, որ նմանատիպ միջոցառումների շարքը ավանդական է դառնալու: “Բոլոր կանխատեսումները արդարացրեցին մեր հույսերը, և մենք կարողացանք մեկտեղ համախմբել ոչ միայն հայ ներդրողների, այլև շահագրգիռ կազմակերպությունների աշխարհի բոլոր մասերից` Եվրոպայից, Ասիայից, Հարավային Ամերիկայից և այլն: Մենք այս ոլորտում թեև ուենք մեծ հնարավորություններ, բայց խնդիրներ էլ կան, որոնք պետք է իրենց լուծումը գտնեն առաջընթաց ապահովելու համար: Հիմնական խոսքը վերաբերում է կրթական համակարգին, որտեղ պետք է բարեփոխումներ կատարվեն, որպեսզի այն համապատասխանեցվի արդյունաբերության պահանջներին, և ուսանողները ստանան այնպիսի կրթությունը, որը համապատասխանում է այսօրվա չափանիշներին: Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այս ոլորտի զարգացմանը, միայն դա նախապայմաններ կստեղծի այդ զարգացումն ապահովելու համար”:
Նշենք, որ գիտաժողովին քննարկվել են մի շարք խոշոր հարցեր, մասնագիտական հնարավորությունների միավորման, հետագա համագործակցության, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և կրթական ռեսուրսների ապահովման, ինչպես նաև թեմաներ, որոնք վերաբերում են հեռահաղորդակցությանն ու ինտերնետային ենթակառուցվածքներին, կիսահողդչային տեխնոլոգիաներին և այլն:
Հավելենք, որ արդյունքների ամփոփման ավարտին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը երեք կազմակերպության ներկայացուցիչների պատվոգրեր հանձնեց` ի նշանավորումն նրանց ներդրման Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և վերոնշյալ գիտաժողովի կազմակերպման գործում: Պատվոգրերը շնորհվեցին “Արմթեք-2007” տնօրենների խորհրդի նախագահ Թոնի Մորոյանին, “Սինոփսիս Արմենիա” ընկերության գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանին և “Արմթեք-2007”-ի հայաստանյան կազմկոմիտեի համանախագահ, “Վիասֆեր տեխնոպարկ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Վարդանյանին:
Աղբյուր` Հայաստանի Հանրապետություն օրաթերթ
|