English
ՏՏ ամիս 2006 (արխիվ)
Փնտրում ըստ միջոցառման
Գլխավոր ՏՏ Ամիս Միջոցառումներ Լուրեր Կապ
Փնտրում ըստ ամսաթվի



25.09.07

Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում էլեկտրոնային ավտամատ նախագծման համաշխարհային առաջատար “Սինոփսիս” ընկերությունն այսուհետ Երեւանում կգործի տեղեկատվական տեխնոլոգիաների գիտահետազոտական եւ նախագծման նոր ու ժամանակակից մասնաշենքում: Ճարտարագիտական եւ ուսումնական կոնտրոնի նոր շենքի բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով “Սինոփսիս”-ի նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանի հետ կտրեց խորհրդանշանական ժապավենը:

“Վիասֆեր տեխնոպարկի” տարածքում գտնվող 9 հազար քմ մակերեսով մասնաշենքը տեղավորում է մոտ 500 աշխատող եւ ավելի քան 120 ուսանող: Մասնաշենք է տեղափոխվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի “Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր” միջդեպարտամենտալ ամբիոնը, որին ժամանակակից համակարգչային տեխնիկայով հագեցված հինգ լսարան է հատկացվել:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերով` “Սինոփսիսը” հիմնարար կերպով մտավ հայկական շուկա, եւ դա կարող է լավ օրինակ ծառայել մյուս ընկերությունների համար, որոնք եւս արդյունավետորեն գործում են Հայաստանում: ՀՀ նախագահը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտը բարենպաստ է յուրաքանչյուր ներդրում կատարել ցանկացողի համար, ոլորտի հետագա զարգացմանը խոչընդոտում է միայն մասնագետների պակասը: ՀՀ կառավարության կողմից հատկացված ուշադրությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գերակա ճանաչումը մեծապես օգնել է նաեւ երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, քանի որ հատուկ ծրագրային մոտեցումը խրախուսում է նաեւ բնակչությանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու ոլորտին:

“Հայաստանն այսօր աշխարհում ամենից արագ զարգացող երկրներից է, բարեփոխումների որակի առումով եւս լավագույններից է”,-ասաց ՀՀ նախագահը` հիշատակելով միջազգային կազմակերպությունների գնահատականները: Ոլորտի զարգացման համար պետք է անել հնարավորը, որպեսզի տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց ծանրակշիռ դերն ունենան տնտեսության մեջ: ՀՀ նախագահի խոսքերով` ոլորտի զարգացման տեմպը կարող էր ավելի արագ լինել: Մեծ խնդիր է մասնագետների պակասը, սակայն, ըստ Ռ.Քոչարյանի, “Սինոփսիս”-ի եւ այլ կազմակերպությունների նմանատիպ ծրագրերի իրականացումը հիմք է ստեղծում հետագայում ավելի լուրջ եւ ծանրակշիռ զարգացում ապահովելու համար:

“Սինոփսիս Արմենիա” ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքերով` մասնաշենքի համակարգչային կենտրոնը տարածաշրջանում աննախադեպ է իր հզորություններով: Հ.Մուսայելյանը պատիվ համարեց, որ ընկերության “նոր միջավայրի” պաշտանական բացումը կատարում է ՀՀ նախագահը, ով անցած երեք տարիների ընթացքում անընդհատ խրախուսել է ընկերությանը, “գլխավոր երաշխավորն է եղել, որպեսզի ընկերությունը կատարի աննախադեպ ներդրումներ տեխնոլոգիաների եւ կրթական համակարգի զարգացման մեջ”:

“Սինոփսիս” ընկերության նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանի գնահատմամբ` Հայաստանն իր պատմության նշանակալի պահերն է ապրում. անցումային փուլն ավարտելով` վերահաստատում է իրեն այն ազգերի թվում, որոնք գնահատում են ինտելեկտն ամենից ավելի: Ըստ նրա` համաշխարհային նոր հանրությունն ինտելեկտի վրա հիմնված հանրություն է, որը փոխկապակցված է ժամանակակից հեռահաղորդակցության միջոցներով: “Նոր հանրությունն աշխարհի քաղաքական սահմաններից դուրս է գործում, որտեղ լրացուցիչ հնարավորություններ են բացվում մարդկային եւ տնտեսական զարգացման համար”,-ասաց Չի-Ֆուն Չանը:

“Սինոփսիս Արմենիա” ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը տեղեկացրեց, որ նոր բացված մասնաշենքն ԱՄՆ-ից դուրս ընկերության ամենամեծ շինությունն է. միայն շենքում 6,5 միլիոն դոլար է ներդրվել:
Ռ.Քոչարյանը ծանոթացավ շենքային հնարավորություններին, ընդունեց ՏՏ ոլորտի ՀՀ նախագահի մրցանակների արժանացած ուսանողներին եւ աշակերտներին: Երիտասարդ ծրագրավորողների բարձրացրած բազմաթիվ հարցերը ՀՀ նախագահից ստացան իրենց պատասխանները: Նախագահը համաձայնեց նրանց հետ, որ ոլորտում ներդրումների խրախուսման համար պետք է համընթաց զարգացնել ամբողջ շղթան` դպրոց-բուհ-աշխատանք առաջատար ընկերություններում: Նորացվում են դպրոցներում ինֆորմատիկայի դասավանդման ծրագրերը, 12-ամյա կրթական համակարգում կավելացվեն դասաժամերը: Դպրոցներն ապահովվում են համակարգիչներով, ինտերնետ ծառայությունների մատուցման ոլորտում եւս մեծ ներդրումներ են կատարվում, նոր մալուխային գծեր, նոր սարքավորումներ են ներմուծվում, որոնք ինտերնետի մատուցման նոր որակ կապահովեն:

“Սինոփսիս Արմենիա” ընկերությունը Հայաստանում գործում է 2004թ-ից` ՀՀ կառավարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաները երկրի զարգացման գերակա ուղղություն հռչակելուց հետո: “Սինոփսիս”-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաքում, ընկերությունն ունի ավելի քան 60 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում:

ԱՐՄԵՆՊՐԵՍ
<< Վերադառնալ

ՀՀ Վարչապետի
հովանու ներքո
(c) IT Month 2006.
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ձեւավորումը եւ կառուցումը`
NewAgeTrust Corporation